Ի պատասխան ապրիլի 28-ի հրապարակմանը, որը վերաբերում է Գրիգոր Ծառուկյանի՝ վերջերս գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկին, ցանկանում եմ ներկայացնել մի քանի կարևոր կետեր։
Առաջին հերթին, պետք է ընդգծել, որ Գրիգոր Ծառուկյանը և ԲՀԿ-ն տասնյակ տարիներ շարունակ ոչ թե խոսքով, այլ գործով կանգնած են գյուղացու կողքին։ Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը և առաջարկները ներկայացված են եղել ԲՀԿ տարբեր տարիների նախընտրական ծրագրերում, որոնցից մեկի հեղինակն ես ինքս։
Ինչ վերաբերում է 0%-ով գյուղատնտեսական վարկերի տրամադրման գաղափարի նոր կամ ոչ նոր լինելու հարցին, ապա այն իսկապես չի պետք դիտարկել որպես նորարարություն։ ՀՀ կառավարությունը նախկինում նման ծրագրեր է իրականացրել թիրախային ձևով։ Օրինակ, 2019 թվականին 0%-ով վարկեր են տրամադրվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, իսկ այլ համայնքների բնակիչներին՝ 5%-ով։ Սակայն այս տարի, ապրիլի 9-ին ընդունված որոշման համաձայն, 0%-ով մինչև 2 միլիոն դրամ գյուղվարկեր կարող են ստանալ ընդամենը շուրջ 20.000 անձ։
Այսպիսով, Գրիգոր Ծառուկյանի առաջարկը ոչ թե նոր է, այլ գերարդիական։ Ինչո՞ւ է դա այնպես։
ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում գործում են ավելի քան 300.000 գյուղացիական տնտեսություններ։ 20.000-ի ծավալով աջակցության ծրագիրը կարող է օգտակար լինել ընդամենը 7%-ի համար։ Սա նշանակում է, որ 93%-ը մնում է անմխիթար։ Իսկ 2019 թվականին սահմանամերձ համայնքներում 0% վարկերից օգտվել է ավելի քան 1000 անձ։
Այսպիսով, հարցը ոչ թե 0%-ի վարկի գաղափարի նոր լինելն է, այլ դրա կիրառման լայնությունը, արդյունավետությունը և ազդեցության գնահատականը։
Այս համատեքստում կարևոր է նաև նշել գյուղատնտեսության ընդհանուր վիճակը։ 2015-16 թվականներին այն կազմում էր ՀՀ ՀՆԱ-ի 15%-ը, իսկ 2025 թվականին՝ ընդամենը շուրջ 8%, այսինքն՝ կրճատվել է գրեթե 2 անգամ։ Կրճատվել են նաև հիմնական մշակաբույսերի արտադրության ծավալները (օրինակ՝ ցորենի բերքը 2015-16 թվականներին եղել է 300-350.000 տոննա, իսկ 2024-25 թվականներին՝ 120-130.000 տոննա) և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։
Այսպիսով, ստացվում է, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը, թեև կարևոր են, բայց չեն կարող լուծել ոլորտի կառուցվածքային խնդիրները։ Գյուղերը «ծերանում» են, դատարկվում, աշխատանքի արտադրողականությունը նվազում է, իսկ գյուղացին մնում է վարկերի բեռի տակ։
Ուստի, խնդիրը ոչ թե գաղափարի նորությունն է, այլ դրա կիրառման ճիշտ ուղղությունը և լայնությունը։