2022 թվականի մայիսի 9-ին «Եվրոպայի ապագան» համաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրեց Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման նոր գաղափարը։ Այս նոր կառույցը միջկառավարական ֆորում է, որի հիմնական նպատակն է Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումներն իրականացնել։
ԵՔՀ-ի ստեղծման հիմնական մոտիվը Ռուսաստանի կողմից Ուկրաինա դեմ սկսված պատերազմն էր։ Նրա առաջարկի համաձայն՝ ԵՔՀ-ն պետք է դառնար «եվրոպական նոր կազմակերպություն», որը կամրապնդեր մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը՝ միավորելով այն պետությունները, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ։
Առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այս հանդիպմանը մասնակցեցին 44 պետության ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները։ Ռուսաստանը և Բելառուսը միտումնավոր չեն ներգրավվել այս գործընթացում։
ԵՔՀ-ի կառուցվածքը նման է G7-ի կամ G20-ի։ Այն պետությունների և կառավարությունների ղեկավարների միջկառավարական ֆորում է։ Տարեկան անցկացվում են երկու գագաթնաժողով՝ գարնանայինը, որը հյուրընկալում է ԵՄ անդամ չհանդիսացող երկիրը, և աշնանայինը՝ ԵՄ անդամ երկիրը։
Այս կառույցի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը, Եվրոպական խորհրդարանը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն։ ԵՔՀ-ն ձևավորվել է որպես ֆորում, որտեղ ոչ միայն ԵՄ անդամ-երկրները, այլև ԵՄ-ի հետ հարաբերություններ ունեցող այլ պետություններ կարող են քննարկել և համակարգել իրենց քաղաքականությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։