Greyson McAlpine shares her process for understanding and adapting to natural light, individuals to capture genuine moments and her streamlined workflow

Social Media

Search
Close this search box

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը՝ սրբապղծություն և իշխանական կամայականություն

2025 թվականի դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր։ Այն բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։

Այս ապօրինական գործողությունը, որը կազմակերպվել էր Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից, իրականացվել է իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ։ Սա կոպիտ ապօրինություն է, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Նա կանգնած է եղել ժողովրդի կողքին պետականության կորստի և վերածննդի բոլոր փուլերում, երբեմն՝ ի հեճուկս բռնապետությունների ու հալածանքների։ Այս Եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։

Այսօր, ցավոք, ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու, և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։

Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակներ ԺԴ․ 34)։

Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։

Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում։

Ինչպես ասում է Տերը․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանել, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ Ժ․ 28)։

Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ։

Թող Ամենակալ Տերը լուսավորի խավարած խղճերը, զորացնի մեր ժողովրդին և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

0

Share