Ապրիլի 1-ի Պուտին-Փաշինյան հանդիպումը օգտագործվեց հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։ Հանդիպումից անմիջապես հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ի նկատմամբ թշնամական դաշինք։ Սա պարզապես պաշտոնական հայտարարություն չէ, այլ ռուսական կողմի գնահատականն ու զգուշացումն է Փաշինյանի քաղաքականության մասին։
Այս գնահատականին հաջորդեց «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությունը Հայաստանից Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ Իսկ դրա իրական հետևանքները հայ արտահանողները կրում են իրենց մաշկի վրա՝ տեսնելով, թե ինչպես են բեռնատարները հարյուրավոր կիլոմետրերով հերթում վրաց-ռուսական սահմանին։
Սրանք դեռևս ծաղիկներն են։ Մինչ Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդին խոստանում է եվրոպական «պայծառ» ապագա, Հայաստանը կարող է կանգնել տնտեսական և էներգետիկ կոլապսի եզրին։ Եթե մենք ստիպված լինենք գազի համար վճարել եվրոպական գներով, ապա «հպարտ» հայ քաղաքացին կհայտնվի աննախադեպ գնաճի ճնշման տակ։ Պատկերացրեք՝ ձմռանը տաքանալու համար միջինը 50 հազար դրամ վճարողը կվճարի առնվազն 150-200 հազար դրամ։ Սա արդյունաբերության և գյուղատնտեսության համար ոչ թե պարզապես խնդիր է, այլ գոյության համար կենսական նշանակություն ունեցող հարված։ Իսկ մյուս ապրանքների և ծառայությունների գնաճի մասին պատկերացումը կարող եք ձևավորել ինքներդ։
Եթե ոմանք հույս ունեն, որ փրկություն կբերի ադրբեջանական գազը, ապա նրանք կապրեն խոր հիասթափություն։ Նախ, Ադրբեջանը նույնպես վաճառում է ռուսական գազ, երկրորդ՝ անգամ մատակարարելու դեպքում Բաքուն այն կվաճառի շուկայական, այլ ոչ թե նվազեցված գնով, և երրորդ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա Ալիևին նստեցնելը դանդաղ ինքնասպանություն է։ Յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար Բաքուն կպահանջի մեկ քառակուսի մետր հող։ Իրանից գազ ստանալու հեռանկարները ևս շատ մշուշոտ են։
Փաշինյանի իշխանությունը փորձում է հիմնովին ապամոնտաժել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանին տանելով սոցիալ-տնտեսական և անվտանգային աղետի։ Սա արվում է «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ռազմավարական պլանը սպասարկելու համար։ Նպատակն այն է, որ էներգետիկ, տնտեսական և անվտանգային ճգնաժամի մեջ հայտնված բնակչությունը, գոյաբանական խնդրի առաջ կանգնելով, բնազդաբար փորձի փրկություն գտնել թուրքական աշխարհին հպատակվելու մեջ՝ ամեն ինչ զիջելով հարաբերություններ կառուցելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի, ասենք, գոնե ձմռանը չցրտահարվի և հաց ունենա ուտելու։ Այս քաղաքականությունը վերջնականապես կվերացնի հայկական գործոնը տարածաշրջանում։
Սակայն ուրախալի լուրն այն է, որ Փաշինյան Նիկոլը հունիսի 7-ից հետո հեռանալու է՝ անփառունակ կերպով տապալելով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու նախագիծը։