Իմ վերլուծությամբ՝ ԱԺ փոխխոսնակի, Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, թե արտերկրում բնակվող քաղաքացիներին ընտրակաշառք առաջարկելու և դա ընդունելու դեպքում նրանց Հայաստան ժամանելուն պես կձերբակալեն, պետք է դիտարկել ոչ միայն իրավական, այլև խորը քաղաքական տեսանկյունից։ Այս հայտարարությունը, իմ կարծիքով, ուղղված է կանխելու արտերկրում բնակվող հայերի ընտրական ակտիվությունը և ստեղծելու մարդկանց վրա հոգեբանական ճնշում։
Այս հարցում առանցքային է Ռուսաստանի Դաշնության դերը։ Ռուսաստանը համարվում է ամենամեծ սփյուռքը, որտեղ բնակվում է մեծ թվով հայեր, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան։ Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների ընտրական ակտիվությունը շատ ավելի մեծ է լինում, քան Եվրոպա կամ ԱՄՆ տեղափոխված հայերի դեպքում, որոնք հաճախ ընտանիքով են այցելում և ունեն ավելի ցածր ընտրական ակտիվություն։ Հենց այս հանգամանքն է, որ իշխանությունների կողմից ստեղծում է զգուշավորություն և նպատակաուղղվածություն՝ ռուսաստանաբնակ հայ ընտրողների նկատմամբ։
Իրականում, հայտարարության հիմնական նպատակը ոչ թե իրավական հետևանքներ ստեղծելն է, այլ ստեղծելու մթնոլորտ, որտեղ մարդիկ վախենան իրենց քաղաքական իրավունքներն իրականացնելուց։ Կարելի է ենթադրել, որ օդանավակայաններում կամ սահմանային անցակետերում կարող են կազմակերպվել ցուցադրական գործողություններ՝ մի քանի մարդու ձերբակալման կամ նմանատիպ տեսարանի ստեղծման միջոցով, որպեսզի մարդկանց վրա ազդեցություն գործեն և ցույց տան, որ հայտարարությունները ունեն գործնական հետևանքներ։
Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե նման հայտարարությունները կունենան կոնկրետ հոգեբանական ազդեցություն։ Սակայն դա անշուշտ ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ է՝ շանտաժի, սպառնալիքի և վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով։ Այս հարցում իշխանությունների անհանգստությունը հատկապես ուղղված է այն ընտրողներին, որոնց նկատմամբ վարչական լծակներ չեն կարող կիրառել։ Դրսից եկող հայերի վրա իրենք չունեն վերահսկողություն, և նրանց պատկերացմամբ նրանք դառնում են անվերահսկելի ընտրողներ։ Այդ պատճառով էլ փորձում են կանխարգելիչ հոգեբանական ազդեցություն գործել՝ իրենց համար հնարավոր վատ արդյունքներից ապահովագրվելու նպատակով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես են որոշելու՝ տվյալ քաղաքացին ընտրակաշառք է վերցրել, թե՞ ոչ, ապա իշխանությունները, ինչպես նախկինում էլ տեսել ենք, հաճախ չեն կաշկանդվում ապացույցների պակասից։ Նրանց նպատակը ոչ թե իրավական հիմնավորումն է, այլ մթնոլորտ ստեղծելը և մարդկանց վրա ճնշում գործադրելը։