Վերջին շաբաթներս ես շրջում եմ մեր հայրենիքի տարբեր մարզերի գյուղերով։ Այս ճամփորդությունները ոչ միայն աշխատանքային այցեր են, այլև հանդիպումներ մեր ժողովրդի հետ, որոնցից յուրաքանչյուրը լի է նոր խնդիրներով, հույսերով և առաջարկներով։ Ես ցանկանում եմ կիսվել այս տպավորություններով։
Առաջին և ամենակարևորը, որը ես լսում եմ մարդկանց բոլոր խոսակցություններում, այն է, որ նրանք համատարած փոփոխություններ են ուզում։ Տարիների ընթացքում կուտակված խնդիրները, որոնք ոչ ոք չի փորձել լուծել, ոչ ոք չի խոսել դրանց մասին, ոչ էլ առաջարկել ոչ մի լուծում, ստեղծել են անհագ հիասթափություն։
Իմ համոզմամբ, եթե կառավարումը ճիշտ լիներ, այդ խնդիրների 80-90 տոկոսը կարող էր շատ կարճ ժամանակում լուծվել։ Պարզապես պետք է հասկանալ խնդրի էությունը և գտնել դրա համար ճիշտ լուծումը։ Սա ոչ թե հրահանգ է, այլ փաստ, որը ես անձամբ ականատես եմ լինում։
Մեր ժողովուրդը, իհարկե, փայլուն է։ Մենք աշխատասեր ենք, ազնիվ ենք, և իսկապես հպարտ ենք մեր պատմությամբ։ Սակայն դժվար կյանքը, անհուսալիությունը, որ իրենց խնդիրներին լուծում տվող չկա, այս ամենը կոտրում է մարդկանց սրտերը։ Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ։ Սա անթույլատրելի է։
Այս ճամփորդությունների ընթացքում մարդիկ բարձրացնում են նոր հարցեր, որոնք անպայման պետք է ներառվեն մեր ծրագրերում։ Իհարկե, մենք դա անում ենք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին», ստեղծվում է այս սկզբունքով։ Այն ոչ թե փակ սենյակներում գրված փաստաթուղթ է, այլ մեր ժողովրդի կողմից առաջարկված լուծումների ամփոփում։ Մենք գնում ենք մարդկանց մոտ, լսում ենք նրանց խնդիրները, նրանց առաջարկները, և հետո մասնագետներն այն ամենը ի մի են բերում՝ ստեղծելով մեր ծրագիրը։
Հիմա ժողովուրդը խնդրել է իմ ուշադրությունը հատուկ ուղղել մի քանի հարցի։
Առաջինը՝ վարկերն են։ Մարդիկ ասում են, որ չկա ընտանիք, որը վարկ չունենա։ Նրանք տարիներով են մուծում տոկոսները, բայց մայր գումարին հերթը չի էլ հասնում։ Սա պետք է լուծվի։ Ի վերջո, բանկերը պետք է ծառայեն մեր քաղաքացուն, ոչ թե քաղաքացին՝ բանկերին։
Երկրորդը՝ գյուղմթերքի սպառման ճակատագիրն է։ Քաղաքի կաբինետներում ասում են, նկարահանում են, քաղաքական միավորներ են հավաքում, բայց գյուղացին անհանգիստ է, թե ԵԱՏՄ-ի հետ հնարավոր խնդիրների դեպքում ի՞նչ է լինելու իր բերքի հարցը։ Նրանք վարկեր են վերցրել, այգիներ են դրել, ջերմոցներ են կառուցել, հիմա սկսել են բերք ստանալ, և սրտերում վախ կա, որ քաղաքական խնդիրներ սկսվեն, էլի´ առաջինը գյուղացին է տուժելու։
Երրորդը՝ տաքսիստների բալային համակարգն է։ Ճիշտ չէ, որ մարդը, ով առավոտից իրիկուն տաքսի է քշում, արդար քրտինքով իր տունն է պահում, նույն բալային համակարգ ունենա, ինչպես նրանք, ովքեր պարզապես տնից աշխատանքի են գնում։
Չորրորդը՝ Երևանում սուր խնդիրը գույքահարկն է։ Անազնիվ օրենք է, որը պետք է փոխվի։ Մեր թիմը կոնկրետ առաջարկով է հանդես գալու։
Մենք շարունակելու ենք այս ճամփորդությունը։ Շրջելու ենք գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, խոսելու ենք մարդկանց հետ, լսելու, ձևակերպելու խնդիրները, և միասին, քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան։