Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պահեստազորի սպաների միությունը ներկայացնում է Հայաստանի ԱԱԾ-ի ապաքաղաքականացման և բարեփոխման 11 հիմնական ուղղություն։ Այս առաջարկությունները մշակվել են նպատակ ունենալով ամրապնդել կառույցի անկախությունը, բարձրացնել հասարակական վստահությունը և ապահովելու նրա արդյունավետ գործունեությունը՝ որպես երկրի անվտանգության հիմնաքար։
Ահա մեր առաջարկությունների ամբողջական ցանկը․
1. Ապաքաղաքականացում և անկախություն: ԱԱԾ-ն պետք է գործի որպես բացառապես պետական կառույց՝ իր գործունեությունը կամայական քաղաքական որոշումներից անկախ։ Օրենսդրական մակարդակով պետք է սահմանվի պատասխանատվություն ԱԱԾ-ն քաղաքական կամ անձնական նպատակներով ներգրավելու համար։ Կառույցի ղեկավարի պաշտոնից կամայական ազատման դեպքում երկրի ղեկավարը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։
2. Հստակ իրավասությունների սահմանում: Պետք է հստակեցվեն քաղաքական ղեկավարի իրավասությունները ԱԱԾ-ի գործունեությանը միջամտելու, հատկապես օպերատիվ աղբյուրների տվյալներ ստանալու առումով։ Գործակալական ցանցի նկատմամբ ցանկացած կամայական վերաբերմունք կամ տեղեկատվության գաղտնազերծում/հրապարակում կամայականության հիմքով կանխարգելվի։
3. Աշխատակիցների սոցիալական երաշխիքներ: ԱԱԾ-ի աշխատակիցները պետք է ստանան դատա-դատախազական համակարգի աշխատակիցներին հավասարազոր աշխատավարձ և համապարփակ սոցիալական երաշխիքներ։ Սրանք պետք է ներառեն բնակարան, հանգստի, իրենց և իրենց ընտանիքի անդամների ուսման, առողջապահական ծառայությունների, գույքահարկից և այլ պետական վճարներից ազատում, ինչպես նաև ցածր տոկոսադրույքով վարկավորման հնարավորություն։
4. Կառուցվածքային բարեփոխումներ: ԱԱԾ համակարգում պետք է վերականգնվի քննչական մարմինը։ Կատարվի մասնագիտական շրջանակներում քննարկում՝ հետախուզության և պետական պահպանության ծառայությունների վերականգնման նպատակահարմարության վերաբերյալ։
5. Տեխնոլոգիական հագեցում: Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները պետք է ապահովվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ բարձրակարգ աշխատակիցները ստանան IT ոլորտի մասնագետներին հավասարազոր աշխատավարձ։
6. Ֆունկցիոնալ բարդացում: Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ֆունկցիան, որը կրկնում է մյուս իրավապահ մարմինների գործառույթները, պետք է հանվի ԱԱԾ-ից։ Փոխարենը կենտրոնանալու է պետական բոլոր օղակների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ հսկողության ուժեղացման, թմրամիջոցների, զենքի մաքսանենգության, փողերի լվացման և ստվերային կրիպտո գործարքների դեմ պայքարի վրա։
7. Կրթական բարձրացում: ԱԱԾ-ի կրթական հաստատության կարգավիճակը պետք է բարձրացվի, ներդրվեն ժամանակակից կրթական ծրագրեր և ապահովվի բարձրակարգ նյութատեխնիկական բազա։
8. Կադրային արդարություն: Ստեղծվելու են պայմաններ՝ սուբյեկտիվ պատճառներով ԱԱԾ-ից հեռացված աշխատակիցներին համակարգ վերադարձնելու համար։ Կադրային անարդար որոշումները կանխարգելվեն, և կներդրվի մեխանիզմ՝ գործող աշխատակիցների օրինական շահերը պաշտպանելու համար։
9. Պահեստազորի ներուժի օգտագործում: ԱԱԾ պահետազորում գտնվող աշխատակիցները պետք է գտնվեն պետության հովանու ներքո և նրանց մասնագիտական ներուժը օգտագործվի պետական և մասնավոր ոլորտներում։
10. Համակարգի վերականգնում: Կատարվի համակարգի վերականգնում՝ ապահովելով կադրային կայունություն և արդյունավետություն։
11. Համայնքային ճանաչում: Ավանդույթի ուժով Դեկտեմբերի 20-ը պետք է վերականգնվի որպես ԱԱԾ աշխատակցի օր՝ որպես համայնքի կողմից ճանաչման և հարգանքի գործիք։