«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյանին։
Պաշտոնապես նա Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրենն է։ Սակայն նրա հրապարակային գործունեությունը վաղուց դուրս է եկել կրթական շրջանակներից և ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։
Վերջին տարիներին Երեմյանը սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։
Օրինակ, 2023 թվականի Գյումրիի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել», փաստացի կասկածի տակ դնելով քաղաքացիների ձայնը։ Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյանին՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։
Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։ Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների և ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած՝ կրթական միջավայրը, ըստ այս պնդումների, վերածվում է նաև գաղափարական հարթակի։
Ստացվում է բավական հակասական պատկեր։ Մի կողմից՝ 2018 թվականից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին։ Մյուս կողմից՝ այսօր նույն համակարգի ներկայացուցիչները ոչ միայն ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլ նաև հայտնվում են իշխող կուսակցության ընտրական ցուցակներում։
Ռուզաննա Երեմյանի դեպքը հենց այդ հակասության վառ օրինակն է․ պետական կրթահամալիրի տնօրեն և միաժամանակ քաղաքականապես ակտիվ դերակատար՝ իշխանական թիմի կազմում։ Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող։